Մատթեոս 22։1-46

  • Հարսանեկան խնջույքի առակը (1-14)

  • Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն (15-22)

  • Հարց հարության մասին (23-33)

  • Երկու մեծագույն պատվիրանները (34-40)

  • Քրիստոսը Դավթի որդի՞ն է (41-46)

22  Հիսուսը կրկին սկսեց խոսել նրանց հետ առակներով.  «Երկնքի թագավորությունը կարելի է նմանեցնել մի թագավորի, որն իր որդու համար հարսանեկան խնջույք կազմակերպեց:+  Նա իր ծառաներին ուղարկեց, որ կանչեն հրավիրվածներին, բայց նրանք չուզեցին գալ:+  Նա ևս մեկ անգամ ծառաներ ուղարկեց՝ պատվիրելով. «Հրավիրվածներին ասեք. «Ճաշն արդեն պատրաստ է, ես մորթել եմ տվել իմ ցլերը, իմ լավագույն անասունները: Ամեն ինչ պատրաստ է, եկեք խնջույքին»»:  Բայց նրանք արհամարհեցին հրավերը. մեկն իր արտը գնաց,+ մեկն՝ իր առևտրին,  մյուսներն էլ բռնեցին նրա ծառաներին և անարգանքի ենթարկելով՝ սպանեցին:  Թագավորն էլ, ցասումով լցված, զորք ուղարկեց ու հաշվեհարդար տեսավ այդ մարդասպանների հետ, իսկ նրանց քաղաքը հրի մատնեց:+  Ապա ասաց իր ծառաներին. «Հարսանեկան խնջույքի համար ամեն ինչ պատրաստ է, բայց հրավիրվածներն անարժան գտնվեցին:+  Ուստի քաղաքից դուրս գնացեք և գլխավոր ճանապարհներին ում որ գտնեք, հրավիրեք խնջույքին»:+ 10  Ծառաները գնացին և այդ ճանապարհներին ում որ տեսան, հրավիրեցին՝ թե՛ լավ, թե՛ վատ գործեր անողներին, ու հարսանեկան սրահը լցվեց հյուրերով: 11  Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, նկատեց, որ նրանցից մեկը հարսանեկան խնջույքին վայել հագուստով չէր: 12  Թագավորը հարցրեց. «Բարեկա՛մ, ինչո՞ւ ես առանց համապատասխան հագուստի եկել այստեղ»: Նա ոչինչ չկարողացավ ասել: 13  Այդ ժամանակ թագավորը հրամայեց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ, որտեղ նա լաց կլինի ու կկրճտացնի իր ատամները»: 14  Այո՛, շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված»: 15  Փարիսեցիները գնացին ու սկսեցին դավադրաբար ծրագրել, թե ինչպես Հիսուսին իր իսկ խոսքերով ծուղակը գցեն:+ 16  Եվ իրենց աշակերտներին հերովդեսականների* հետ նրա մոտ ուղարկեցին:+ Նրանք եկան ու ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում, դու չես փորձում հաճոյանալ որևէ մեկին և արտաքին բաներով չես դատում մարդկանց: 17  Ուրեմն ասա մեզ. քո կարծիքով՝ թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»: 18  Սակայն Հիսուսը, իմանալով, թե ինչ չար մտադրություն ունեն, ասաց. «Ինչո՞ւ եք փորձում ինձ, կեղծավորնե՛ր: 19  Ցույց տվեք որպես գլխահարկ վճարվող մետաղադրամը»: Նրանք էլ մի դինար* բերեցին: 20  Հիսուսը հարցրեց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: 21  Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: Հիսուսն էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ 22  Այդ խոսքերը ապշեցրին նրանց, ու նրանք թողեցին հեռացան: 23  Նույն օրը Հիսուսին մոտեցան սադուկեցիները, ովքեր չէին հավատում հարությանը,+ և հարցրին.+ 24  «Ուսուցի՛չ, Մովսեսն ասել է, որ եթե մարդ մահանա առանց երեխա ունենալու, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի:+ 25  Յոթ եղբայրներ կային: Առաջինն ամուսնացավ, բայց հետո մահացավ ու քանի որ սերունդ չուներ, նրա եղբայրն ամուսնացավ նրա կնոջ հետ: 26  Նույնը պատահեց երկրորդին, երրորդին ու մնացածին. այդպես՝ յոթն էլ մահացան: 27  Վերջում կինն էլ մահացավ: 28  Հարության ժամանակ նա այս յոթից ո՞ր մեկի կինն է լինելու, չէ՞ որ բոլորն էլ ամուսնացել էին նրա հետ»: 29  Հիսուսը պատասխանեց. «Դուք սխալվում եք, որովհետև ո՛չ սուրբ գրվածքներն եք հասկանում, ո՛չ էլ հասկանում եք, թե որքան մեծ է Աստծու զորությունը:+ 30  Հարության ժամանակ տղամարդիկ ու կանայք չեն ամուսնանալու, այլ երկնքի հրեշտակների նման են լինելու:+ 31  Մահացածների հարության առնչությամբ չե՞ք կարդացել Աստծու խոսքերը, ով ասել է. 32  «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»:+ 33  Մարդկանց բազմությունը, որ լսում էր այս ամենը, ապշել էր նրա ուսուցանելուց:+ 34  Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը սադուկեցիներին լռեցրել էր, հավաքվեցին ու եկան նրա մոտ: 35  Նրանցից մեկը, ով Օրենքի գիտակ էր, ցանկանալով փորձել նրան, հարցրեց. 36  «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»:+ 37  Հիսուսը պատասխանեց. ««Սիրեք ձեր Աստված Եհովային* ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով* և ձեր ամբողջ մտքով»:+ 38  Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը: 39  Երկրորդն էլ սրա նման է. «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»:+ 40  Այս երկու պատվիրանների վրա են հիմնված ողջ Օրենքն ու մարգարեների գրվածքները»:+ 41  Քանի դեռ փարիսեցիներն այդտեղ հավաքված էին, Հիսուսը հարցրեց նրանց.+ 42  «Ի՞նչ կարծիքի եք Քրիստոսի մասին: Ո՞ւմ որդին է նա»: Նրանք պատասխանեցին. «Դավթի»:+ 43  Նա էլ հարցրեց. «Այդ դեպքում ինչպե՞ս է Դավիթը, սուրբ ոգուց ներշնչված,+ նրան Տեր կոչում՝ ասելով. 44  «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»:+ 45  Եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա Դավթի որդին»:+ 46  Ոչ ոք չկարողացավ մի բառ անգամ պատասխանել Հիսուսին, և այդ օրվանից ոչ մեկն այլևս չէր համարձակվում որևէ հարց տալ նրան:

Ծանոթագրություններ

Հերովդեսականները քաղաքական կուսակցության անդամներ էին: Բառարանում տես «Հերովդեսականներ»:
Կամ՝ «ճի՞շտ է»:
Բառարանում տես «Հոգի»: