1 Սամուել 18։1-30
18 Դավթի ու Սավուղի զրույցից շատ չանցած՝ Դավիթն ու Հովնաթանը+ մտերիմ ընկերներ դարձան,* և Հովնաթանը սկսեց իր անձի պես սիրել նրան:+
2 Նույն օրը Սավուղը Դավթին իր մոտ ծառայության վերցրեց և թույլ չտվեց, որ նա վերադառնա հոր տուն:+
3 Հովնաթանն ու Դավիթը ուխտ* կապեցին իրար հետ,+ որովհետև Հովնաթանն իր անձի պես սիրում էր նրան:+
4 Նա հանեց իր անթև վերնահագուստն ու Դավթին տվեց, նաև տվեց իր ռազմական հագուստը, սուրը, աղեղն ու գոտին:
5 Դավիթը սկսեց պատերազմների գնալ, և ուր էլ որ Սավուղը նրան ուղարկում էր, նա հաջողություն էր ունենում:*+ Ուստի Սավուղը նրան զորքի հրամանատար նշանակեց:+ Այդ որոշումը դուր եկավ ողջ ժողովրդին և Սավուղի ծառաներին:
6 Երբ Դավիթն ու մյուս ռազմիկները փղշտացիներին կոտորելուց հետո վերադառնում էին, Իսրայելի բոլոր քաղաքներից կանայք դափերով, ջնարներով,* ուրախ բացականչություններով, երգ+ ու պարով դուրս էին գալիս՝ Սավուղ թագավորին դիմավորելու:+
7 Տոնախմբությանը մասնակցող կանայք երգում էին.
«Սավուղը հազարավորների կոտորեց,Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»:+
8 Ի վերջո Սավուղը խիստ բարկացավ.+ նրան դուր չեկավ այս երգը, և նա ասաց. «Նրանք երգում են, որ Դավիթը տասնյակ հազարավորների սպանեց, իսկ ես՝ հազարավորների: Մնում է՝ թագավորությունն էլ նրան տրվի»:+
9 Այդ օրվանից Սավուղը սկսեց կասկածանքով նայել Դավթին:
10 Հաջորդ օրը, երբ Դավիթը սովորականի պես քնար էր նվագում,+ Աստծուց վատ ոգի* եկավ Սավուղի վրա,*+ և նա սկսեց իրեն տարօրինակ* պահել տանը: Սավուղի ձեռքին նիզակ կար:+
11 Նա նետեց այն՝+ մտածելով. «Դավթին պատին գամեմ»: Բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց:
12 Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Եհովան նրա հետ էր,+ իսկ իրենից հեռացել էր:+
13 Սավուղը Դավթին հազարապետ նշանակեց, որ հեռու լինի իրենից. Դավիթը պատերազմի ժամանակ առաջնորդում էր զորքը:*+
14 Նա ամեն ինչում հաջողություն էր ունենում,*+ ու Եհովան նրա հետ էր:+
15 Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը շատ հաջողություններ է ունենում, է՛լ ավելի վախեցավ նրանից:
16 Բայց ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, քանի որ նա էր իրենց առաջնորդում ռազմարշավների ժամանակ:
17 Մի անգամ Սավուղն ասաց Դավթին. «Ահա իմ ավագ դուստրը՝ Մերոբը:+ Ես նրան կնության կտամ քեզ:+ Սակայն դու պետք է շարունակես խիզախորեն ծառայել ինձ և մղել Եհովայի պատերազմները»:+ Բայց Սավուղը մտածում էր. «Թող իմ ձեռքով չմեռնի: Թող փղշտացիները սպանեն նրան»:+
18 Դավիթն էլ պատասխանեց Սավուղին. «Ո՞վ եմ ես, և ովքե՞ր են իմ ազգականները՝ իմ հոր տոհմը Իսրայելում, որ թագավորի փեսան դառնամ»:+
19 Սակայն երբ ժամանակը եկավ, որ Դավիթն ամուսնանա Մերոբի՝ Սավուղի դստեր հետ, Մերոբն արդեն կնության էր տրվել մաուլացի Եդրիելին:+
20 Սավուղի դուստրը՝ Մեղքողը,+ սիրահարված էր Դավթին, և երբ այդ մասին հայտնեցին Սավուղին, դա նրան դուր եկավ:
21 Նա մտածեց. «Ես աղջկաս կնության կտամ Դավթին. դա ծուղակ կդառնա նրա համար, ու նա գուցե սպանվի փղշտացիների ձեռքով»:+ Եվ Սավուղը երկրորդ անգամ ասաց Դավթին. «Իմ փեսան դարձիր»:
22 Հետո նա իր ծառաներին պատվիրեց. «Դավթի հետ գաղտնի խոսեք ու ասեք. «Թագավորը քեզ հավանել է, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ: Թագավորի փեսան դարձիր»»:
23 Երբ Սավուղի ծառաները Դավթին ասացին այս խոսքերը, նա պատասխանեց. «Ձեր կարծիքով՝ ինձ նման աղքատ ու աննշան մարդու համար հե՞շտ է թագավորի փեսա դառնալը»:+
24 Դավթի այս խոսքերը ծառաները հայտնեցին Սավուղին:
25 Այդ ժամանակ Սավուղն ասաց. «Դավթին ասեք. «Թագավորը որպես հարսնագին,+ փղշտացիների 100 թլիփից+ բացի, ուրիշ ոչինչ չի ցանկանում, քանի որ ուզում է վրեժխնդիր լինել իր թշնամիներից»»: Բայց իրականում Սավուղը ծրագրել էր փղշտացիների ձեռքով սպանել Դավթին:
26 Նրա ծառաները Դավթին հայտնեցին այդ խոսքերը, և թագավորի փեսան դառնալու միտքը դուր եկավ նրան:+ Նախքան սահմանված ժամանակը կավարտվեր,
27 Դավիթն իր մարդկանց հետ գնաց, 200 փղշտացի սպանեց և բոլորի թլիփները բերեց ու տվեց թագավորին, որպեսզի նրա փեսան դառնա: Ուստի Սավուղը Մեղքողին կնության տվեց նրան:+
28 Նա հասկացավ, որ Եհովան Դավթի հետ է,+ և որ իր դուստրը՝ Մեղքողը, սիրում է Դավթին:+
29 Սավուղը սկսեց ավելի շատ վախենալ Դավթից և մինչև իր կյանքի վերջը թշնամությամբ վերաբերվեց նրան:+
30 Ամեն անգամ, երբ փղշտացիների իշխանները Իսրայելի դեմ պատերազմի էին դուրս գալիս, Դավիթը ավելի մեծ հաջողություն էր ունենում,* քան Սավուղի մյուս բոլոր ծառաները:+ Եվ նա մեծ անուն ձեռք բերեց:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Հովնաթանի հոգին կապվեց Դավթի հոգու հետ»:
^ Կամ՝ «իմաստությամբ էր վարվում»:
^ Լարային նվագարան:
^ Խոսքը վատ մտավիճակի մասին է:
^ Այսինքն՝ Աստված թույլ տվեց, որ վատ մտքերը տանջեն Սավուղին:
^ Կամ՝ «մարգարեի պես»:
^ Բռց.՝ «նա դուրս էր գալիս ու մտնում էր ժողովրդի առաջ»:
^ Կամ՝ «իմաստությամբ էր վարվում»:
^ Կամ՝ «ավելի մեծ իմաստությամբ էր վարվում»: