Արդարություն տնտեսական համակարգում. հնարավո՞ր է
Գնալով ավելի ու ավելի շատ երկրներում են մարդիկ բողոքի ցույցեր կազմակերպում անարդար տնտեսական համակարգի դեմ։ COVID-19 համավարակը բորբոքեց այս իրավիճակը, քանի որ արգելափակման, սննդի պակասի և առողջապահական համակարգից օգտվելու սահմանափակ հնարավորությունների պատճառով ցայտուն դարձավ հարուստ և աղքատ խավերի տարբերությունը։
Մարդկանց անհանգստացնող տնտեսական խնդիրները երբևէ վերջ կունենա՞ն։ Այո՛։ Աստվածաշնչում նկարագրվում է, թե ինչ է անելու Աստված այդ խնդիրները լուծելու համար։
Տնտեսական խնդիրներ, որոնք Աստված կլուծի
Խնդիր: Մարդիկ չեն կարողացել ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, որը կբավարարի բոլորի կարիքները։
Լուծում: Աստված մարդկային կառավարությունները կփոխարինի իր կառավարությամբ, որը կոչվում է Աստծու Թագավորություն։ Այն երկնքից կիշխի ողջ երկրի վրա (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։
Արդյունք: Որպես համաշխարհային կառավարություն՝ Աստծու Թագավորությունը կատարյալ ձևով կիշխի երկրի վրա։ Մարդիկ այլևս երբեք չեն հայտնվի աղքատության ճիրաններում և այլևս երբեք տնտեսական խնդիրների պատճառով անապահովության զգացում չեն ունենա (Սաղմոս 9։7–9, 18)։ Փոխարենը նրանք իրենց ընտանիքի հետ կվայելեն սեփական աշխատանքի պտուղը և կունենան բեղուն ու բավականություն պատճառող կյանք։ Աստվածաշնչում գրված է հետևյալ խոստումը. «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի» (Եսայիա 65։21, 22)։
Խնդիր: Մարդիկ չեն կարող խույս տալ այն իրավիճակներից, որոնք տառապանք են պատճառում և կարիքի մեջ են գցում։
Լուծում: Իր Թագավորության միջոցով Աստված կվերացնի վախ ու անապահովության զգացում առաջացնող ամեն բան։
Արդյունք: Աստծու հոգածության ներքո մարդիկ այլևս չեն բախվի այնպիսի իրավիճակների, ինչպիսիք են օրինակ՝ պատերազմները, սովերը և համավարակները, որոնք զրկում են իրենց ու իրենց ընտանիքներին ամենաանհրաժեշտից (Սաղմոս 46։9; 72։16; Եսայիա 33։24)։ Աստված ասում է. «Իմ ժողովուրդը խաղաղ բնակատեղերում, ապահով բնակավայրերում և այնպիսի տեղերում կապրի, որտեղ հանգստություն ու անդորր է տիրում» (Եսայիա 32։18)։
Խնդիր: Մարդիկ հաճախ շահագործվում են եսասեր և ագահ անձանց կողմից։
Լուծում: Աստծու Թագավորության հպատակները կսովորեն անկեղծ և անձնազոհ սեր դրսևորել մյուսների հանդեպ (Մատթեոս 22։37–39)։
Արդյունք: Աստծու Թագավորության ներքո բոլորը կընդօրինակեն Աստծուն և անշահախնդիր սեր կդրսևորեն (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Աստվածաշնչում ասվում է. «Նրանք չեն վնասի և ոչինչ չեն ավերի իմ ողջ սուրբ լեռան վրա, որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի a մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Եսայիա 11։9)։
Աստվածաշնչից իմանում ենք, որ մենք ապրում ենք այս համակարգի վերջին օրերում, և որ Աստված շուտով իրականացնելու է տնտեսական խնդիրներին վերջ դնելու իր խոստումը b (Սաղմոս 12։5)։ Իսկ մինչ այդ աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել, որ հաղթահարես ֆինանսական խնդիրներդ։ Տես «Ինչպե՞ս ապրել քիչ գումարով» և «Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ» հոդվածները։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։
b Իմանալու համար, թե ինչու կարող ենք վստահել Աստվածաշնչին, տես «Աստվածաշունչ. ճշմարտության վստահարժան աղբյուր» հոդվածը։