Բավարարվում է քվեբեկյան ժեստերի լեզվով թարգմանության կարիքը
Կանադայի արևելքում եղող ֆրանսախոս շրջաններում խուլ մարդկանց մեծ մասը խոսում է քվեբեկյան ժեստերի լեզվով a։ Քանի որ նրանց թիվը ընդամենը 6000 է, այդ լեզվով քիչ հրատարակություններ կան։ Ուստի մարդկանց օգնելու համար հասկանալ Աստվածաշունչը Եհովայի վկաները վերջերս ավելի մեծ ջանքեր են թափել, որպեսզի քվեբեկյան ժեստերի լեզվով բարձր որակի անվճար նյութեր լույս ընծայեն։
Հասկանալու համար, թե ինչու են այս թարգմանչական ջանքերը այդքան կարևոր, ծանոթանանք Մարսելի պատմությանը։ Նա ծնվել է 1941թ.-ին Կանադայի Քվեբեկ նահանգում։ Երկու տարի անց նա հիվանդացավ մենինգիտով և կորցրեց լսողությունը։ «Ինը տարեկանում ես սկսեցի հաճախել խուլերի դպրոց և այնտեղ սովորեցի քվեբեկյան ժեստերի լեզուն,— պատմում է Մարսելը։— Թեև կային որոշ գրքեր, որ սովորեցնում էին հիմնական ժեստերի լեզուն, սակայն այդ լեզվով նյութեր չկային»։
Այն հարցին, թե ինչու է կարևոր քվեբեկյան ժեստերի լեզվով նյութեր հրապարակել, Մարսելը պատասխանում է. «Լեզվական խոչընդոտների դեմ պայքարելու փոխարեն՝ խուլ մարդիկ ցանկանում են տեղեկություն ստանալ այն լեզվով, որը լիարժեքորեն հասկանում են։ Առանց քվեբեկյան ժեստերի լեզվով նյութերի՝ մենք ստիպված ենք հիմնվել խոսվող լեզուների վրա, և այնքա՜ն շատ բան ենք կորցնում»։
Եհովայի վկաները 2005թ.-ին լույս ընծայեցին քվեբեկյան ժեստերի լեզվով իրենց առաջին նյութը, որպեսզի բավարարեն այդ լեզվով խոսող մարդկանց կարիքները, որոնց թվում է Մարսելը։ Վերջերս նրանք ընդլայնեցին Մոնրեալում (Քվեբեկ) գտնվող իրենց թարգմանչական գրասենյակը։ Գրասենյակի անձնակազմը այժմ բաղկացած է յոթ լիաժամ և մեկ տասնյակից ավելի ոչ լիաժամ ծառայողներից։ Կազմավորվել են երեք թարգմանչական թիմեր։ Նրանք օգտագործում են երկու մասնագիտացված սարքավորումներով ստուդիաներ՝ քվեբեկյան ժեստերի լեզվով տեսանյութեր հրապարակելու համար։
Քվեբեկյան ժեստերի լեզվով խոսող համայնքը բարձր է գնահատում Եհովայի վկաների հրապարակած նյութերի որակը։ «Դե Սուր դը լ’Էստրի» ասոցիացիայի b տնօրենի օգնական Ստեֆան Ժակն ասում է. «Նրանց հրապարակած նյութերը շատ որակով են։ Ժեստերը իրոք հստակ են, և դեմքի արտահայտությունները արտահայտիչ են։ Ես գնահատում եմ նաև այն, որ տեսանյութերում նկարահանվածները կոկիկ են հագնված»։
«Դիտարան» ամսագիրը, որը ողջ աշխարհի Եհովայի վկաները ուսումնասիրում են իրենց շաբաթական հանդիպումների ժամանակ, այսօր մատչելի է քվեբեկյան ժեստերի լեզվով 220 Եհովայի վկաների և այլ մարդկանց համար, ովքեր Քվեբեկում հաճախում են քվեբեկյան ժեստերի լեզվով յոթ ժողովներ ու խմբեր։ c Բացի այդ, Վկաները շարունակում են համացանցում այդ լեզվով ավելի շատ տեսանյութեր, այդ թվում՝ Աստվածաշնչի վրա հիմնված ոգևորիչ երգեր հրապարակել։
Մարսելը, որի մասին նշվեց վերևում, անչափ ուրախ է, որ առկա են քվեբեկյան ժեստերի լեզվով այդքան նյութեր։ Նա հատկապես գնահատում է Եհովայի վկաների թողարկած նյութերը։ «Մեծ օրհնություն է տեսնել քվեբեկյան ժեստերի լեզվով այսքան շատ տեսանյութեր jw.org կայքում,— ասում է նա։— Երբ տեսնում եմ, որ այդ ամենը մատչելի է իմ լեզվով, երջանկության զգացում եմ ունենում»։
a Քվեբեկյան ժեստերի լեզուն (ֆրանսերեն՝ Langue des signes québécoise) առանձին ժեստերի լեզու է, սակայն ունի ավելի լայնորեն օգտագործվող ամերիկյան ժեստերի լեզվի որոշ առանձնահատկություններ։
b Խուլերի համար բարեգործական կազմակերպություն Քվեբեկում։
c «Դիտարանի» ուսումնասիրության թողարկումը քվեբեկյան ժեստերի լեզվով ամեն ամիս սկսեց լույս տեսնել 2017թ. հունվարից։