ՕԳՈՍՏՈՍԻ 25, 2023
ՄԱԼԱՎԻ
Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել չիչևա լեզվով
2023 թ. օգոստոսի 18-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը հայտարարեց չիչևա լեզվով Աստվածաշնչի՝ վերանայված «Նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Լույսընծայումն արվեց 2023 թ. «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովի առաջին օրը, որն անցկացվում էր Մալավիի Լիլոնգվե քաղաքի համաժողովների սրահում։ Ներկաները ստացան Աստվածաշնչի տպագիր օրինակները, իսկ թվային տարբերակը հնարավոր էր բեռնել՝ էլեկտրոնային սարքերը JW Box սարքին միացնելով։
Ծրագիրը JW արբանյակային հեռուստաալիքի միջոցով ուղիղ հեռարձակվեց երկրի կենտրոնական և հարավային մարզերի երկու մարզադաշտերում, մի քանի գյուղական տարածքներում անցկացվող համաժողովի վայրերում և Մալավիի Թագավորության սրահների մեծ մասում։ Բացի այդ՝ ծրագիրը ուղիղ հեռարձակվեց Մոզամբիկի չիչևախոս տարածքների որոշ Թագավորության սրահներում։ Ընդհանուր առմամբ երկու մարզադաշտերում և համաժողովի անցկացման մյուս վայրերում Աստվածաշնչի լույսընծայման ծրագիրը վայելեց 77 112 մարդ, մինչդեռ հազարավորներ դիտեցին այն Թագավորության սրահներում։
Չիչևան Մալավիի պետական լեզուն է, որով խոսում է ավելի քան 10 միլիոն մարդ։ Այս լեզվով խոսում են նաև Մոզամբիկի որոշ հատվածներում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Զամբիայում և Զիմբաբվեում։ Չիչևա լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել 2006 թ.-ին, իսկ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ամբողջական հրատարակությունը՝ 2010 թ.-ին։ Այժմ մեր հավատակիցներն ուրախ են, որ ունեն ամբողջական վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» չիչևա լեզվով։
Քարոզիչներից մեկն ասաց. «Ծառայության ժամանակ շատ ենք հանդիպում չիչևախոս մարդկանց, ովքեր ունեն Աստվածաշնչի այլ թարգմանություններ, սակայն դրանցում օգտագործված է հնացած լեզու։ Երբ նրանց խնդրում ենք իրենց Աստվածաշնչից կարդալ որևէ համար, նրանք հաճախ չեն հասկանում իմաստը։ Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» շատ հեշտ է հասկանալ։ Անհամբերությամբ սպասում եմ, որ այն օգտագործեմ ծառայության մեջ»։
Վստահ ենք, որ վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» կօգնի չիչևախոս հավատակիցներին, ինչպես նաև հետաքրքրվող անհատներին ուրախություն գտնել «Եհովայի օրենքի մեջ» (Սաղմոս 1։2)։