Անցնել բովանդակությանը

Մկրտություն Ուկրաինայում 2022 թ. հուլիսի 23-ին

ՕԳՈՍՏՈՍԻ 12, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #12 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

«Անգամ պատերազմը չի կարող կանգնեցնել աշակերտ պատրաստելու գործը»

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #12 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

2022 թ. «Ձգտեք խաղաղության» համաժողովի ընթացքում՝ հուլիսի 23-31-ն ընկած ժամանակահատվածում, մկրտություն էր իրականացվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում և այն երկրներում, որտեղ ապաստան էին գտել Ուկրաինայից գաղթած հավատակիցները։ Օգոստոսի 2-ի տվյալներով՝ Ուկրաինայից մկրտվել է 1 113 քարոզիչ։ Ուկրաինայից մի եղբայր ասել է. «Անգամ պատերազմը չի կարող կանգնեցնել աշակերտ պատրաստելու գործը, չէ՞ որ Հիսուսը խոստացել է. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»» (Մատթեոս 28։20

Սիրով ձեզ ենք ներկայացնում հետևյալ ոգևորիչ դեպքերը։

63-ամյա քույր Նատալյան Լուգանսկի մարզի Կրեմեննայա քաղաքից է։ 1990-ականներին նա և իր երկու աղջիկները սկսեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Աղջիկները հոգևորապես առաջադիմեցին ու մկրտվեցին, բայց Նատալյան քայլեր չարեց։ Երբ սկսվեց պատերազմը, մի Վկա ընտանիք Նատալյային իր հետ տարավ առավել ապահով տարածք։ Նրան ապաստան տվեցին Իվանո-Ֆրանկովսկի Թագավորության սրահում։

Նատալյան ասում է. «Սարսափելի ռմբակոծություններից հետո կարծես մոռացել էի՝ ժպտալն ինչ է։ Եղբայրներն ու քույրերը անկեղծ սեր դրսևորեցին իմ հանդեպ։ Նման ջերմ վերաբերմունք չէի ակնկալում։ Այդ ժամանակ իմ մեջ արթնացավ Եհովայի հանդեպ սերը։ Անընդհատ Աստվածաշունչ էի կարդում։ Մի քույր առաջարկեց ինձ Աստվածաշունչ ուսումնասիրել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի միջոցով։ Նա ինձ համար նվեր էր Եհովայից»։ Նատալյան ավելացնում է. «Այնքա՜ն երջանիկ եմ, որ Եհովայի մկրտված ծառա եմ։ Ուզում եմ ապրել մեծագույն պատվիրանի համաձայն՝ սիրել իմ Աստված Եհովային իմ ամբողջ սրտով, իմ ամբողջ հոգով և իմ ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37

Օլյան Լեհաստանում, ձեռքին՝ «Ձգտեք խաղաղության» համաժողովի խորագրով մի պաստառ

Չերկասիում բնակվող Օլյան չմկրտված քարոզիչ էր, երբ սկսվեց պատերազմը։ Մարտի 6-ին նա իր աղջկա և թոռնուհու հետ գաղթեց Լեհաստան։ Նա ասում է. «Մեր ունեցածը միայն մեր ուսապարկերն էին, բայց հոգատար եղբայրներն ու քույրերը մեզ դատարկ ձեռքով չթողեցին։ Այդ ընթացքում համոզվեցի, որ Եհովայի կազմակերպությունը միաբան է և առաջնորդվում է նրա ոգով։ Դրանից տպավորված՝ էլ ավելի մեծ վճռականությամբ լցվեցի, որ կյանքս նվիրեմ Եհովային։ Կյանքիս ամենամութ շրջանում նա կողքիս եղավ, և հիմա ես ուզում եմ ծառայել նրան ու այդպիսով արտահայտել գնահատանքս»։

Յուլիան, ով Դոնեցկ մարզից է, 18 տարեկան է։ Նա մեծացել էր Վկաների ընտանիքում, բայց հոգևոր քայլեր չէր արել։ Յուլիան պատմում է, թե պատերազմի առաջին օրերին ինչ ապրումներ ուներ. «Պառկած էի գետնին ու գիտակցում էի, որ ամեն վայրկյան կարող եմ մահանալ։ Այն փողոցը, որտեղ ապրում էինք, ոչնչացվել էր, բայց մենք ողջ էինք մնացել։ Այս ամենը վերապրելով, Եհովային անընդհատ աղոթելով ու նրա հատկությունների շուրջ խորհելով՝ ավելի մտերմացա նրա հետ։ Էլ չէի կասկածում՝ կյանքս նվիրեմ Եհովային, թե ոչ։ Իմ աղոթքներին պատասխանելով՝ նա ցույց տվեց, որ կողքիս կանգնած է։ Առաջ պարզապես գիտելիքներ ունեի Աստծու մասին, իսկ հիմա սիրում եմ նրան»։ Յուլիան մկրտվեց հուլիսի 23-ին։

11-ամյա Դավիթը Գերմանիայում նախքան մկրտվելը

Երբ սկսվեց պատերազմը, 11-ամյա Դավիթը իր ընտանիքի հետ տեղափոխվեց Գերմանիա։ Նա 9 տարեկանից չմկրտված քարոզիչ էր։ Դավիթը սրտատրոփ սպասում է, թե երբ է հասնելու իր հոգևոր նպատակներին։ Նա ասում է. «Ես որոշեցի մկրտվել, որովհետև սիրում եմ Եհովային ու ուզում եմ նրա ընկերը լինել։ Մկրտության ժամանակ ուրախությունից լացում էի, որովհետև դարձա Եհովայի հրաշալի ընտանիքի մի մասը։ Սիրում եմ մարդկանց պատմել Եհովայի ու նրա նպատակների մասին։ Դրա համար հաջորդ նպատակս ռահվիրա դառնալն է։ Ուզում եմ նաև ժողովում ծառայել իմ եղբայրներին ու քույրերին։ Հույս ունեմ, որ մի օր ծառայող օգնական կդառնամ։ Իսկ իմ ամենամեծ նպատակը Բեթելում ծառայելն է։ Այդ մասին եմ երազում 2018 թ.-ից, երբ եղանք Լվովի մասնաճյուղում»։

Օլենան, ով Կիևից է, չմկրտված քարոզիչ դարձավ 2011 թ.-ին։ Դրանից հետո 10 տարի շարունակ նա ոչ ակտիվ քարոզիչ էր։ 2020 թ.-ին ժողովի երեցները կապ հաստատեցին նրա հետ և տվեցին «Վերադարձիր Եհովայի մոտ» գրքույկը։ Օլենան պատմում է. «Սկսեցի նորից Աստվածաշունչ ուսումնասիրել ու հաճախել ժողովի հանդիպումներին, սակայն մի որոշ ժամանակ անց դադարեցի։ Պատերազմի ընթացքում Եհովան պատասխանում էր իմ աղոթքներին։ Զգում էի, թե նա ինչպես է պաշտպանում ինձ, սեր դրսևորում իմ հանդեպ ու ներքին խաղաղություն տալիս։ Գաղթեցի Ռումինիա և այնտեղ գտա Վկաներին։ Հավատակիցների դրսևորած սերն ու հոգատարությունն ասես մի տաքուկ վերմակ լինեին, որով Եհովան ծածկում էր ինձ»։ Օլենան մկրտվեց հուլիսի 24-ին։ Նա ավելացնում է. «Շնորհակալ եմ Եհովային, որ համբերությամբ սպասում էր ինձ։ Հիմա գիտեմ, որ «ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»» (Փիլիպպեցիներ 4։13

2022 թ. օգոստոսի 2-ի դրությամբ Ուկրաինայից ստացվել են ներքոհիշյալ տվյալները։ Այս վիճակագրությունը հիմնված է տեղի եղբայրների հաշվետվությունների վրա։ Այնուամենայնիվ, իրական թվերը կարող են զգալիորեն բարձր լինել, քանի որ դժվար է կապ հաստատել երկրի բոլոր մարզերի հետ։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • 43 քարոզիչ մահացել է։

  • 97 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 22 568 քարոզիչ փախել է երկրի առավել անվտանգ տարածքներ։

  • 586 տուն ավերվել է։

  • 613 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 632 տուն թեթևակի է վնասվել։

  • 5 Թագավորության սրահ ավերվել է։

  • 10 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 37 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 53 836 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • Ուկրաինայից հեռացել են 24 867 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։