ՀՈՒԼԻՍԻ 26, 2022 | ԹԱՐՄԱՑՎԱԾ: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | Չնայած անարդար բանտարկությանը՝ Եհովան դիմանալու ուժ է տալիս
2023 թ. դեկտեմբերի 5-ին Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի (Յուգրա) Սուրգուտ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց 17 եղբայրների և 1 քրոջ։ Նրանց թվում էին եղբայրներ Եվգենի Ֆեդինը, Արթուր Սևերինչիկը և Տիմոֆեյ Ժուկովը։ 17 եղբայրները դատապարտվել են պայմանական ազատազրկման՝ վեց տարի երեք ամսից մինչև յոթ տարի ժամկետով։ Իսկ քրոջը դատապարտել են երեք տարի և երեք ամսվա պայմանական ազատազրկման։ Նրանցից ոչ ոք այս պահին չի կալանավորվի։
Ժամանակագրություն
Փետրվարի 15, 2019
Սուրգուտում և մոտակա քաղաքներում ոստիկանները խուզարկեցին բազմաթիվ Եհովայի վկաների տներ։ Տեղեկություններ կան, որ հարցաքննության ընթացքում որոշ եղբայրների կտտանքների ենթարկեցին։ Երեք եղբայրների վերցրին նախնական կալանքի տակ, այդ թվում՝ Եվգենի Ֆեդինին և Արթուր Սևերինչիկին։
Մարտի 7, 2019
21 օր նախնական կալանքի տակ պահելուց հետո վերաքննիչ դատարանը որոշեց ազատ արձակել Արթուրին։
Ապրիլի 11, 2019
Եվգենին ազատ արձակվեց նախնական կալանքից մոտ երկու ամիս անց։ Դատարանը նրա նկատմամբ տեղաշարժի, հաղորդակցման և ինտերնետի օգտագործման սահմանափակումներ նշանակեց։
Հունվարի 16, 2020
Դատավորը կարգադրեց, որ եղբայր Տիմոֆեյ Ժուկովը գնա հոգեբուժական հիվանդանոց՝ զննություն անցնելու։ Հետաքննիչները պատճառաբանեցին, որ նա հարցաքննության ժամանակ հրաժարվել է հարցերին պատասխանելուց՝ իրավունք, որը պաշտպանված է Ռուսաստանի Դաշնության սահմանադրության 51-րդ հոդվածով։ Տիմոֆեյը հետագայում բողոքարկեց այդ կարգադրությունը։
Փետրվարի 5, 2020
Թեև դատարանի կարգադրության դեմ Տիմոֆեի բողոքարկումը դեռ ընթացքի մեջ էր, սակայն դատարանից դուրս գալիս ոստիկանությունը ձերբակալեց նրան։ Ոստիկանները Տիմոֆեին տարան մոտ 1 200 կիլոմետր (746 մղոն) հեռավորության վրա գտնվող Եկատերինբուրգի հոգեբուժարան, որտեղ նա մնաց 14 օր։
Մարտի 5, 2020
Վերաքննիչ դատարանը որոշեց, որ Տիմոֆեյի բանտարկությունը անօրինական էր։
Հոկտեմբերի 19, 2021
Վերաքննիչ դատարանը կարգադրեց փոխհատուցել Տիմոֆեյին՝ անօրինական բանտարկության համար։
Նոյեմբերի 12, 2021
Նախնական քննության ընթացքում պաշտպանյալի փաստաբանները ներկայացրին իշխանությունների կողմից կատարված ապօրինի և անմարդկային գործողությունների, այդ թվում՝ խոշտանգումների, ապացույցների կեղծման և կանխակալ փորձագետների կիրառման ապացույցներ: Պաշտպանները դատարանից խնդրեցին գործը վերադարձնել դատախազություն։
Նոյեմբերի 15, 2021
Դատավորը ընդունեց, որ հետաքննության ժամանակ խախտվել են որոշ օրենքներ, սակայն մերժեց գործը վերադարձնել դատախազություն։
Տվյալներ
Վստահ ենք, որ Եհովան կշարունակի լինել Եվգենիի, Արթուրի, Տիմոֆեյի, ինչպես նաև բոլոր նրանց կողքին, ովքեր հալածանքի ժամանակ իրենց աչքերը հառած են պահում չերևացող բաներին (2 Կորնթացիներ 4։17, 18)։